Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի հյուրը

«Երևանյան հեռանկարներ»  երաժշտական փառատոնի հյուրը
09.12.2016 | 09:44

Դեկտեմբերի 12-ին և 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենան վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները: Բորիս Բերեզովսկին, որն աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկն է, Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր, վերջին անգամ Հայաստանում հանդես է եկել 2010 թվականին՝ դարձյալ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:


Դեկտեմբերի 12-ին դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն Չայկովսկու թիվ 2 դաշնամուրային կոնցերտը և Սիբելիուսի թիվ 2 սիմֆոնիան:
Դեկտեմբերի 13-ին Բորիս Բերեզովսկին հայ հանդիսատեսի համար հանդես կգա եզակի մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի Սոնատը և 3 էտյուդները, Լիստի հանրահայտ 12 էտյուդները:


Բորիս Բերեզովսկուն բարձր են գնահատում թե՛ իր հայրենիքում, թե՛ նրա սահմաններից դուրս: Համաշխարհային մամուլը նրա մասին գրում է. «Թեթևությամբ հաղթահարելով կատարողական արվեստի կաղապարները՝ նա ասես անմիջականորեն շփվում է կոմպոզիտորների հետ, ընդ որում՝ հավասարի նման, առանց ավելորդ կրքի ու նաև առանց իմիջիայլոցության: Այնքան բնական, պլաստիկ և համոզիչ են նրա ինտերպրետացիաները, որ երբեմն նույնիսկ թվում է, թե երաժշտությունը դահլիճում ծնվում է ինքն իրեն, առանց դաշնակահարի մասնակցության: Բերեզովսկին երբեմն չի ընդգծում իր ես-ը, այլ աշխատում է ցանկացած գնով ի ցույց դնել վիրտուոզությունն ու տեխնիկան (այսպես ասած՝ անկեղծ կատարելությամբ): Ընդհակառակը՝ նա լիովին տարրալուծվում է կոմպոզիտորի մեջ, լինի դա Ռախմանինովը, Շումանը, Բեթհովենը, թե Շոպենը: Նա մեզ և իրեն ընկղմում է իր և հեղինակի աշխարհի մեջ՝ յուրօրինակ, այլոց ոչ նման կերպով: Այդպես նվագում են միայն մեծ երաժիշտները»:


Նշենք, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գրանցած հաջողություններն անհավանական են թվում անգամ նրա հիմնադրին՝ Ստեփան Ռոստոմյանին: Մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով եվրահանձնակատար Թիբոր Նավրաչիչինի գնահատությամբ՝ «Երևանյան հեռանկարներ» փառատոնը Եվրոպայի առաջատար փառատոներից մեկն է, որը «Եվրոպայի մշակութային քարտեզին» ամուր հիմք է ստեղծել Հայաստանի համար:


2017-ի փառատոնային տարին կսկսվի ապրիլ ամսին` Իսրայելի կամերային նվագախմբի համերգով, որին կհաջորդի Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի այցը Հայաստան` մաեստրո Ֆեդոսեևի ղեկավարությամբ, ապա մեր հայրենիքում հանդես կգան 8 Գրեմմիի արժանացած «Էմերսոն» քառյակը, սոպրանո Ռենե Ֆլեմինգը, այլ հեղինակավոր արտիստներ:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ